Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների եւ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Հանդիպման մասնակից ՔՀԿ ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի եւ ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները եւ հնարավոր լուծումները:
Քննարկման ընթացքում ձեւավորվել է շահագրգիռ կողմերից կազմված աշխատանքային խումբ, որը մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի փոխհամաձայնեցված առաջարկություններ՝ վերհանված խնդիրները լուծելու համար։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա.Հարությունյանը շեշտել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթության շրջանակներում կարեւոր ուղղություններից է նաեւ ՔՀԿ դաշտի զարգացումը եւ կայունությունը:




























