NEWS.am-ը ներկայացնում է Սայիդ Մահրանի հոդվածից մի հատված, որը տպագրվել է «Le Point» ամսագրում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին
«Ես հեռու եմ քաղաքականությունից»,- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ, ասել է նրան ուղեկցող, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, անդրադառնալով 2012-ին Ֆրանսիայում նախատեսված նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ պատրաստվում է ծանոթանալ բոլոր թեկնածուների ծրագրերին, որպեսզի ընտրություն կատարի:
«Ոչ ոք չգիտի, թե ում օգտին եմ քվեարկելու»,- ասել է Ազնավուրը:
87 տարեկան հասակում «մեծ Շառլը» չի կորցրել իր խարիզման եւ ինչպես երեւում է, գրավում է Նիկոլա Սարկոզիին: Վերջինս, ի դեպ, վերջերս է ներկա եղել Ազնավուրի` «Օլիմպիա»-ի համերգին:
«Մենք միմյանց խոստացել ենք, որ այստեղ (Հայաստան) միասին ենք գալու»,-ժպիտը դեմքին ասել է Սարկոզին` սուրճի սեղանի շուրջ, ում թիկունքում երեւում էր բիբլիական Արարատ լեռը: «Սա հրաշալի է: «Օլիմպիայում» Ազնավուր լեռն էր, այստեղ` Արարատ լեռը: Այո, այն Հայաստանում չէ, բայց բոլոր դեպքերում մենք դրանից օգտվում ենք»,- ասել է նա:
Սարկոզիին հարցեր են ուղղել 2012-ին իր նախագահական ժամկետի ավարտի եւ հայ համայնքի կշռի մասին: «Հայաստանի հետ հարաբերությունները ժամանակից դուրս են: Մենք այդ տարեթվի կամ մեկ այլ տարեթվի համար չենք աշխատում»,- հմտորեն նշել է Ֆրանսիայի նախագահը:
Դիտարկմանը, թե Թուրքիան կտրուկ կարձագանքի իր Հայաստան այցելությանն ու արված հայտարարություններին, Սարկոզին ասել է. «Բոլոր դեպքերում թուրքերն ինձ ատում են»:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը ուղղակի Թուրքիայի առաջնորդներինկոչ է արել կատարել իրենց պարտքը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ուզում եմ ասել Թուրքիային, որ նա պետք է նայի իր պատմության դեմքին: Ժխտումն անընդունելի է»,- ասել էր նա:




























