Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` վերջերս Երեւանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտարարությունների հետ կապված:
Հանդես գալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, այսօր` հոկտեմբերի 11-ին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային ուղղված Սարկոզիի խորհուրդները ընդամենը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների մի մասն են եղել, գրում է Today`s Zaman-ը:
Հիշեցնելով, որ Ֆրանսիայում ապրում է մոտ 600 հազարանոց հայկական համայնք, բայց նաեւ 500 հազար թուրքեր, Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին, Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ` «ինչ-որ աննշան հաշվարկների» պատճառով:
«Պետական այրի կոչումը պահանջում է մտածել հաջորդ սերունդների, այլ ոչ հաջորդ ընտրությունների մասին»,- հայտարարել է Էրդողանը, հավելելով, որ Սարկոզին լավ կանի իր խորհուրդներին իրեն պահի:
Այսօր, Թուրքիայում ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել. «Մեր խորհուրդը Սարկոզիին. Եթե նա ցանկանում է ցեղասպանության օրինակ տեսնել, ապա պետք է նայի իր երկրի պատմությանը: Նա հստակ կտեսնի գազանություններ, որոնք կատարվել են Ալժիրում, կնկատի ակնհայտ զանգվածային սպանություններ Հյուսիսային Աֆրիկայում»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հոկտեմբերի 6-7-ին, պետական այցով ժամանել է Երեւան, որտեղ Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սարկոզին նաեւ խոստացել է օրենք ընդունել, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն կպատժվի:




























