Բարեգործական փրկարարական նավը Միջերկրական ծովում գերբեռնված փայտե նավակով 76 միգրանտների է վերցրել և շարժվել դեպի Իտալիայի հարավային Նեապոլ նավահանգիստ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով EMERGENCY բարեգործական կազմակերպության հայտարարությունը։

Շաբաթ օրը Սիցիլիայի հարավում գտնվող Էմպեդոկլ նավահանգստում 59 փրկված միգրանտների տեղափոխող մեկ այլ նավ է խարսխվել:

Ուրբաթ գիշեր Մալթայի որոնողափրկարարական գոտու միջազգային ջրերում գտնված 76 մարդկանց թվում են յոթ կին և 24 երեխա, հայտնել է EMERGENCY բարեգործական կազմակերպությունը:

12 մետրանոց նավը, որում եղել են միգրանտներ, հինգշաբթի ուշ երեկոյան լքել է Լիբիան, իսկ փրկվածները Եգիպտոսից, Էրիթրեայից, Եթովպիայից և Սիրիայից են։

Իտալիայի իշխանություններն օգնել են համակարգել փրկարարական աշխատանքները, և ակնկալվում է, որ բարեգործական նավը Նեապոլ կժամանի երկուշաբթի օրը:

Open Arms-ը՝ Միջերկրական ծովում առաքելություններ ունեցող մեկ այլ բարեգործական կազմակերպություն, ասում է, որ իր փրկարարական Astral զբոսանավը հասել է Սիցիլիա՝ 59 հոգով, այդ թվում՝ հինգ երեխա, որոնցից երկուսն ընդամենը մի քանի շաբաթական էին:

Open Arms-ն Իտալիայի իշխանություններին խնդրել է նավահանգիստ տրամադրել այն բանից հետո, երբ նրանք հայտնել են, որ ի սկզբանե հանձնարարվել է միգրանտներին վերադարձնել Թունիս:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ Իտալիան, որը հարյուր հազարավոր ապաստան հայցողների և այլ միգրանտների համար դեպի Եվրոպա գլխավոր ուղին է, այս տարի ծովով ընդունել է մոտ 95,000 մարդ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։