Սլովակիայի խորհրդարանը արգելակել է Ֆինանսական կայունության Եվրոպական հիմնադրամի լիազորությունների ընդլայնումը, որը համաձայնեցվել էր եվրագոտու երկրների ղեկավարների հետ այս տարվա հուլիսին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս»-ը:
Սլովակիան եվրագոտու վերջին երկիրն է, որն իր ազգային օրենսդրության մեջ չի վավերացրել համապատասխան փոփոխությունները:
Ֆինանսական կայունության Եվրոպական հիմնադրամի լիազորությունների ընդլայնմանը դեմ է հանդես եկել «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցությունը, որը մտնում է իշխող կոալիցիայի մեջ:
Սլովակիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը («Կուրսը սոցիալական ժողովրդավարություն»), հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ֆինանսական կայունության Եվրոպական հիմնադրամին աջակցելու հարցը, կառավարության հրաժարականից հետո, գրում է Reuters-ը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Սլովակիայում կառավարական ճգնաժամի հետեւանքով, ԵՄ աշնանային նստաշրջանը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-18-ին` Բրյուսելում, հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 23-ը:
Եթե Սլովակիան չվավերացնի Ֆինանսական կայունության Եվրոպական հիմնադրամի լիազորությունների ընդլայնման մասին համաձայնագիրը, Հունաստանի պետական պարտքի պատճառով դեֆոլտի հավանականությունը զգալիորեն կմեծանա:




























