Սերբիան կավելացնի ռուսական բնական գազի մատակարարումները Հունգարիա, եթե Ուկրաինան դուրս գա Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից, կիրակի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, տեղեկացնում է Associated Press-ը։

Սիյարտոն ասել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և վստահեցրել նրան, որ Սերբիան կկարողանա ավելի շատ ռուսական գազ մատակարարել Հունգարիային, եթե Կիևը հրաժարվի երկարաձգել համաձայնագիրը, որը թույլ է տալիս գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։

«Վերջին օրերին մենք լսեցինք, որ Ուկրաինան ցանկանում է խզել Ռուսաստանի հետ բնական գազի տարանցման մասին նախկինում կնքված համաձայնագիրը»,- ասել է Սիյարտոն։ «Այսօր Սերբիայի նախագահը հասկացրեց, որ եթե Հունգարիան ցանկանում է ավելացնել բնական գազի մատակարարումը Սերբիայի տարածքով Հունգարիա, ապա Սերբիան կարող է ապահովել անհրաժեշտ տրանսպորտային կարողությունները»:

Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ Կիևը դժվար թե երկարաձգի տարանցման համաձայնագիրը, որով ռուսական բնական գազն ուղարկվում է  եվրոպական երկրներ Ուկրաինայի տարածքով: Այս համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի։

Հունգարիան իր բնական գազի մոտ 80%-ը ստանում է Ռուսաստանից՝ հիմնականում «Թուրքական հոսք» խողովակաշարով, որն անցնում է Սերբիայի տարածքով մինչև երկրի հարավ, և եռանդուն պայքար է մղել Եվրամիության կողմից առաջարկվող ռուսական էներգետիկայի դեմ պատժամիջոցների դեմ: Նույնիսկ հակամարտության սկսումից հետո Հունգարիան ձգտել է հեշտացնել իր հասանելիությունը  ռուսական հանածո վառելիքին՝ պնդելով, որ այն  կարևոր է իր էներգետիկ անվտանգության համար:

Ապրիլին Մոսկվա կատարած այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ռուսական «Գազպրոմ» պետական ​​ընկերությունը համաձայնել է թույլատրել Հունգարիային, անհրաժեշտության դեպքում, 2021 թվականին ստորագրված երկարաժամկետ պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով բնական գազ ներկրել:

Սիյարտոն կիրակի հայտնել է, որ Օրբանը հանդիպել է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ և շահագրգռվածություն հայտնել այն բանում, որ Հունգարիան դառնա  Թուրքմենստանից գազի  ապագա արտահանման ապագա նպատակակետն ու տարանցիկ կետը:

Օրբանը   Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության օրերին հյուրընկալում է Ադրբեջանի, Թուրքիայի, Սերբիայի, Բոսնիայի, Քաթարի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների առաջնորդների։