Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը կիրակի հայտարարել  է, որ առաջնորդների երիտասարդ սերնդին իշխանությունը հանձնելու ծրագրերը վերադառնում են նախկին հունը՝ Covid-19 համավարակի պատճառով խափանվելուց հետո, հաղորդում է AFP-ն:

71-ամյա Լին ծրագրում էր թոշակի անցնել մինչև 2022 թվականը՝ մինչև իր 70-ամյակը, և ղեկը հանձնել իր տեղակալ Լոուրենս Վոնգին։

Բայց այդ ծրագրերը հետաձգվեցին, քանի որ Լին ասաց, որ ինքը պետք է ղեկավարի Սինգապուրը կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ:

«Այժմ Covid-ը  հետևում է, և իմ իրավահաջորդության ծրագրերը վերադառնում են», - ասել է Լին Ազգային օրվա հանրահավաքի իր ամենամյա ելույթում:

Ընդ որում, ըստ նրա, վերջերս իշխող կուսակցությունը ցնցած  քաղաքական սկանդալների շարքը  չի հետաձգի իր «նորացման ժամանակացույցը»:

Սկանդալները, որոնք պաշտոնյաների խոստովանությամբ, վնաս են հասցրել կառավարության հեղինակությանը, ներառել են տրանսպորտի նախարարի նկատմամբ  հետաքննությունը կոռուպցիայի մեղադրանքով և իշխող կուսակցությունից երկու օրենսդիրների հրաժարականը սիրային կապի պատճառով:

Լին, սակայն, չի հստակեցրել, թե երբ է իշխանությունը փոխանցելու 50-ամյա Վոնգին՝  ներկայիս ֆինանսների նախարարին։ Ընդհանուր ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականից ոչ շուտ։

Եթե ​​Վոնգը  իշխանության գա, ապա  դա  Սինգապուրի 1965 թվականի անկախացումից հետո  երկրորդ դեպքը կլինի, երբ  վարչապետը Լիի ընտանիքի անդամ չէ։

Լի Սյան Լունի հայրը՝  Լի Կուան Յուն, եղել է երկրի առաջին վարչապետը։