Դանիայի կառավարությունը Նիդեռլանդների հետ միասին այժմ նույնպես պատրաստ է Ուկրաինային նվիրաբերել 19 F-16 կործանիչ, ինչը Ուկրաինան վաղուց էր խնդրում։ Այս մասին հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինացի օդաչուներին պատրաստելը առաջին անհրաժեշտ քայլն է՝ նրանց ինքնաթիռ օգտագործելու հմտություններ և նախադրյալներ տալու համար: Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու հաջորդ քայլը Արևմուտքի կողմից կործանիչներն օդաչուներին տրամադրելն է՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի դա տեղի ունենա: Կառավարությունը ստացել է Արտաքին քաղաքականության խորհրդի աջակցությունը դանիական 19 F-16 կործանիչների Ուկրաինա փուլային փոխանցման համար»,- ասել է Դանիայի պաշտպանության նախարար Յակոբ Էլեման-Յենսենը։
Դանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, F-16 կործանիչների տեղափոխման համար անհրաժեշտ է օրինական թույլտվություն ԱՄՆ-ից։ Բացի այդ, մարտական ինքնաթիռների վերջնական անվճար փոխանցումը կախված է պատրաստվածությունից և Ուկրաինայում ռազմական ինքնաթիռների օգտագործումը ապահովող կառույցների առկայությունից։ Կործանիչների տրամադրումը կիրականացվի աստիճանաբար, որպեսզի ազդեցություն չունենա Դանիայի ծրագրած, F-35 ռազմական ինքնաթիռների անցնելու վրա։
Ենթադրվում է, որ նվիրատվության հետ կապված ծախսերը կֆինանսավորվեն «Ուկրաինա» հիմնադրամի կողմից։




























