ԱՄՆ-ում շարունակվում է Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատական գործընթացը, որտեղ կանխամտածված սպանության մեջ մեղադրում են նրա անձնական բժշկին: Դատախազները երկու շաբաթ առաջ ցուցադրել են մահացած փոփ-արքայի նկարները, իսկ վերջին նիստի ժամանակ ավելի հեռուն են գնացել եւ ցուցադրել հերձված դիակի նկար: Նկարում, որը հրապարակում է մասնավորապես The Smoking Gun կայքը, ցուցադրվում է երգչի մերկ մարմինը` սպիտակ սավանի վրա:

Նկարները ցուցադրել է պաթոլոգոանատոմ Քրիստոֆեր Ռոջերսը, ով անցկացրել է հերձումը: Բժիշկը բացատրել է, որ չնայած իր 50-ամյա տարիքին` Ջեքսոնը գտնվել է ֆիզիակական  նորմալ վիճակում, սակայն նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ ներարկումների հետքեր, գրում է The Daily Mail-ը:

Պաթոլոգոանատոմը հայտարարել է, որը խոսքը գնում է սպանության մասին, քանի որ Մայքլ Ջեքսոնը չէր կարող ինքն իրեն սրսկել պրոպոֆոլի այն քանակությունը, որը հանգեցրել է նրա մահվան:

Բուժող բժիշկը` Քոնրադ Մյուրեյը, հայտարարում է, որ ինքը անմեղ է, չնայած նա ներարկել է Ջեքսոնին պրոպոֆոլ: