2012-ին Կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու բիզնեսի զարգացումը խթանելու համար, պետական բյուջեի միջոցների մի մասը ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը եւ այլն:
«Այսինքն, մի կողմից մենք փորձում ենք հավաքագրել եկամուտներ, մյուս կողմից դրանք ծախսել արդյունավետ կերպով՝ սոցիալական խնդիրների, աղքատության կրճատման եւ բիզնես միջավայրի զարգացման համար: Այս բարդ խնդիրն իրականացնելու համար կառավարությունն ակնկալում է նաեւ ձեր աջակցությունը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել մեր երկրի հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ: «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միեւնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարեւոր տնտեսական խնդիրը»:
Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը համարելով աղքատությունը, որին նպաստել է նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վարչապետը նշել է, որ դրա հաղթահարման կարեւոր գործիքներից մեկը սոցիալական նպաստների ու թոշակների բարձրացումն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչներին հուզող կարեւորագույն խնդիրներն ու ներկայացվել համապատասխան առաջարկություններ:




























