90 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Գլեբ Պանֆիլովը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։

«Ցավոք սրտի, մահացել է մեծ ռեժիսոր, մեր թատրոնի ընկեր Գլեբ Անատոլևիչ Պանֆիլովը»,- ասել է Վարշավերը։

Վարշավերը հիշեցրել է, որ ռեժիսորը վերջին ամիսներին ապաքինվում էր հիվանդությունից։

Գլեբ Պանֆիլովը ծնվել է 1934 թվականի մայիսի 21-ին Մագնիտոգորսկում։ Վաղ տարիներին  աշխատել է Սվերդլովսկի հեռուստատեսությունում, որտեղ մի քանի ֆիլմ է նկարահանել։

1960-1963 թվականներին նա հեռակա սովորել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժնում, այնուհետև սովորել է  գեղարվեստական ​​ֆիլմի բեմադրիչ ռեժիսորների բաժնում։

1966 թվականին սկսել է աշխատել «Լենֆիլմում», որտեղ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կրակի մեջ անցահուն չկա», ֆիլմն արժանացել  Լոկառնոյի փառատոնի գլխավոր մրցանակին։ 1970 թվականին նկարահանել է «Սկիզբ» ֆիլմը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Պանֆիլովն ամուսնացել է դերասանուհի Իննա Չուրիկովայի հետ։ Այդ ժամանակվանից նա դարձել է նրա «մուսան»։

1977 թվականին Պանֆիլովը տեղափոխվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա։ «Մոսֆիլմ»-ում Պանֆիլովը նկարահանել է «Թեմա» ֆիլմը, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին։

1986 թվականին   որպես թատերական ռեժիսոր իր դեբյուտն արել է  «Լենկոմ» թատրոնում՝ «Համլետի» բեմադրությամբ, որում խաղացել են թատրոնի առաջատար դերասանները՝ Օլեգ Յանկովսկին (Համլետ), Իննա Չուրիկովան (Գերտրուդ), Ալեքսանդրա Զախարովան (Օֆելյա)։

1990 թվականին Մաքսիմ Գորկու ստեղծագործությունների հիման վրա նկարահանել է «Մայրը» ֆիլմը։ Նույն թվականին արժանացել է Կաննի մրցանակի՝ կինոյում գեղարվեստական ​​ավանդի համար։