Հոկտեմբերի 10-ին սկսվեցին Համաշխարհային բանկի պատվերով եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ մշակած նոր փաստաթղթի` «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման ռազմավարության» քննարկումը:

Հենց առաջին քննարկման ժամանակ հայտարարվեց, որ մեր արդյունաբերական քաղաքականության հիմքում պետք է լինի ոչ թե հումքի, այլ բարձր գիտական եւ նյութական արժեք ունեցող ապրանքների եւ ծառայությունների արտահանումը:

Պարզվում է` նոր ռազմավարության կիզակետում արտահանմանն ուղղված զարգացած արդյունաբերական համակարգի ձեւավորումն է, ինչը կխթանի միջազգային ստանդարտների համապատասխանող ապրանքների արտադրությունը, արտաքին շուկաների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, երկարաժամկետ հեռանկարում տնտեսության եւ արտահանման կառուցվածքի որակական փոփոխության:

Առաջին տասնամյակը չէ, որ Հայաստանը լսում է նման ամպագոռգոգ հայտարարություններ: Մեր արտահանման զարգացումը լավ պատկերացնելու համար դիտարկենք նախորդ հինգ տարիների կառուցվածքը:

Այդ ժամանակահատվածում հայկական արտահանումն աճել է 213,3 միլիոն դոլարով: Բացարձակ աճը կազմել է 91,9 տոկոս, որի առյուծի բաժինը հանքարդյունաբերության հաշվին է` պղնձի խտանյութ եւ ֆեռոմոլիբդեն: Իսկ մնացած 19 ապրանքային խմբերը տվել են ընդամենը 8,1 տոկոսի աճ:

Խոսքով ամեն ինչ հրաշալի է: Մշակվում են հայեցակարգեր ու ռազմավարություններ, անցացվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ ու մամուլի ասուլիսներ, իսկ գործը տեղից չի շարժվում: Վերլուծելու դեպքում, կարելի է, նույնիսկ, հետընթաց տեսնել:

Այս տարվա հունվար-օգոստոսին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ «թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ զարդերի» ապրանքային խմբում բացարձակ անկումը կազմել է 65,5 միլիոն դոլար: Դրա հետեւանքով արտահանման մեջ այդ խմբի կշիռը 30,5 տոկոսից նվազել է մինչեւ 14,1 տոկոս:

Տեքստիլի արտահանումը հինգ տարում կրճատվել է 19,2 միլիոն դոլարով, իսկ ընդհանուր արտահանման մեջ դրա կշիռը 4 տոկոսից ընկել է մինչեը 0,6 տոկոս: Կաուչուկի եւ ռետինե արտադրանքի անկումը կազմել է 14 միլիոն դոլար` 3,3 տոկոսից մինչեւ 0,7 տոկոս:

Ըստ էության, արտահանման ոլորտում մենք ունենք ծանրագույն հիմնախնդիրներ, թեեւ ծրագրերի, հայեցակարգերի եւ նախագծերի պակաս չունենք: Բարձրաստիճան պաշտոնյաները, «վերլուծելով» արտաքին առեւտրի վիճակը, հատուկ ընդգծում են ներմուծման համեմատ արտահանման աճը: Սակայն Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն նախորդ հինգ տարիներին աճել է 574,1 միլիոն դոլարով` 48,2 տոկոսով: Այս տարվա հունվար-օգոստոսին բացասական սալդոյի բացարձակ ծավալը հասել է 1 միլիարդ 765 միլիոն 300 հազար դոլարի:

Նախորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանի արտահանման կառուցվածքում դրական փոփոխություն չի եղել, նկատվել է հետընթաց: Արտաքին առեւտրի բացասական սալդոն չի կրճատվել: Այս բոլոր խնդիրների գլխավոր պատասխանատուներից մեկը հենց էկոնոմիկայի նախարարությունն է, որն աջակցել է հերթական նոր ռազմավարության մշակմանը: