Վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 13-ի նիստում փորձել է պարզել, թե կլինե՞ն արդյոք դրական տեղաշարժեր ձվի, ձեթի, կաթնամթերքի եւ  մյուս շուկաներում, որոնց հետ առնչվում է բնակչության մեծամասնությունը: Այս, եւ ընդհանրապես, տնտեսությունում մրցակցային միջավայրի բարելավման հարցերը պարզելու համար Տիգրան Սարգսյանն ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Ի պատասխան` Ա. Շաբոյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են, որ ՏՄՊՊՀ-ն ավելի շատ վարույթներ է հարուցել, եւ ավելի շատ տուգանքներ է նշանակել, քան նախորդ տարիներին: Այսպես`  2011 թ. առաջին 9 ամիսներին Հանձնաժողովը  պատասխանատվության միջոցների կիրառման 86 որոշում է կայացրել այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը։ Տուգանքների ընդհանուր գումարը 2011 թ. կազմել է 230 մլն դրամ` 2010 թ. 37 մլն դրամի, 2009 թ. 10 մլն դրամի եւ 2008 թ. 9 մլն դրամի համեմատ։

Սակայն ներկայացված վիճակագրությունը վարչապետին չբավարարեց: «Հասկանալի է, որ դուք երեք անգամ ավելի շատ տուգանքներ եք գանձել, բայց տուգանքն արդյունավետ է, եթե ինչ-որ երեւույթներ է կանխարգելում։ Արդյոք այդ տուգանքների արդյունքում մրցակցային միջավայրը բարելավվո՞ւմ է, թե՞ ընդամենը առաջացնում ենք դժգոհություն այն սուբյեկտների կողմից, որոնց տուգանում ենք»,- կրկին հարցրեց Տ. Սարգսյանը։ Ի պատասխան` ՏՄՊՊՀ նախագահը խոստովանեց, որ մի շարք շուկաներում իրոք առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, սակայն ակնարկեց, որ իրենց խնդիրը մենաշնորհների դեմ պայքարելը չէ, այլ գերիշխող դիրքի չարաշահումների: «Մեր հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են եւ նրանց հակամրցակցային գործողությունները։ Հիմնականում դրանք այն գործողություններն են, որոնք կապված են գնային չարաշահումների, տարբերակված մոտեցումների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելու խոչընդոտների հետ»,- ասաց Ա. Շաբոյանը։

Ի վերջո` Տ. Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ են Հանձնաժողովին նոր լիազորություններ տրամադրել, եթե համոզվեն, որ այն գործիքները, որ արդեն իսկ տրված են` ծառայում են բուն նպատակին` մրցակցային միջավայրի բարելավմանը: