Ասիայի ամենանախանձելի փեսան` Բութանի 31-ամյա թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկն այսօր` հոկտեմբերի 13-ին, ամուսնացել է իր ընտրյալի` 21-ամյա ուսանողուհի Ջեցուն Պեմայի հետ, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:

Թագավորի ընտրյալն սովորական ընտանիքից է, ով համարվում է թագավորության ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Ջեցունը կրթություն է ստացել Հնդկաստանում, իսկ հիմա սովորում է Լոնդոնի քոլեջի միջազգային հարաբերությունների բաժնում: Նա փայլուն տիրապետում է մի քանի օտար լեզուների, այդ թվում անգլերենին ու հինդուին, նաեւ հետաքրքրված է արվեստների պատմությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բութանի թագավորը շատ հայտնի է իր երկրում եւ արտասահմանում: Ամբողջ Ասիայում գոյություն ունեն երիտասարդ միապետի երկրպագուհիների ակումբեր: Հնդկաստանից մինչեւ Ինդոնեզիա վաճառվում են նրան նվիրված բրոշյուրներ եւ պաստառներ, ինտերնետում գործում են նրան սիրահարված աղջիկների մի քանի խմբեր:

Նրանց հարսանիքին հավաքվել են 1500 պաշտոնական հյուրեր ողջ աշխարհից: Բութանի քաղաքների փողոցները բազմամարդ են, ամեն տեղ փակցված են արքայական զույգի նկարները, հաղորդում է NEWSru.com-ը: