Շաքարավազի թանկացումը օգոստոսի վերջում պայմանավորված էր ինվոյսային արժեքի բարձրացմամբ: Նման հայտարարություն արեց այսօր` հոկտեմբերի 13-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ինվոյսը» արտասահմանյան երկրներում ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթուղթն է, որի վրա նշված գինը հիմք է ընդունվում ապրանքների մաքսազերծման ժամանակ: «Այս պահին ինվոյսային արժեքները համահունչ են միջազգային գներին»,- վստահեցրեց Ա. Շաբոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ շաքարավազի շուկայի մենաշնորհատեր «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներմուծված շաքարավազը մաքսազերծում է արհեստական ցածր գնով` 1 կգ-ի համար 120 դրամով: Քանի որ մաքսային մարմինները որեւէ այլ ընկերության համար նման արտոնյալ մաքսազերծում չեն անում, շուկայում ստեղծվում է անհավասար մրցակցային դաշտ, քանի որ «Ալեքս Գրիգը» կարողանում է ներքին շուկայում ավելի էժան իրացնել շաքարավազը: Նշենք, որ մաքսային մարմինների աշխատակիցների նման գործելաոճը, ըստ էության, քրեական հանցակազմ է պարունակում:

2011 թ. հուլիսից հետո «Ալեքս Գրիգին» ստիպել են մաքսազերծումն իրականացնել 1 կգ-ը մոտ 300 դրամով, հետեւաբար` ընկերությունն ավելի շատ է հարկ վճարել: «Վնասները» փոխհատուցելու համար շուկայում շաքարավազը թանկացվել է մոտ 20 տոկոսով: