ԱՄՆ կողմից անցկացվող ամենամյա Բազմազանության արտոնագրի («Գրին քարտ») 2011 թվականի վիճակախաղում Հայաստանի մասնակիցներից շահել է 1200 մարդ։

2012 թվականի համար անցկացված վիճակախաղի արդյունքով հայաստանցի շահողների թիվը մոտ 1000 է։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը, հավելելով, որ այդ ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջատար է։

Հարցին, թե որքա՞ն է կազմում Հայաստանի հարեւան հանրապետություններից  «Գրին քարտ» շահողների թիվը, հյուպատոսը պատասխանել է, որ 2011 թվականի արդյունքում Վրաստանից շահել է մոտ 700, իսկ Ադրբեջանից՝ 350 մարդ։ Նույն թվականին Ռուսաստանից վիճակախաղում շահած մասնակիցների թիվը կազմել է 2400 մարդ։

2013 թվականի «Գրին քարտի» խաղարկությունը մեկնարկել է մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, եւ կշարունակվի մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 5-ը։ Յուրաքանչյուր տարի  այս ծրագրի շրջանակում խաղարկվում է 55 հազար արտոնագիր։

Խաղարկությունը, ԱՄՆ հյուպատոսի խոսքով, կազմակերպվում է առավելապես ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիների համար։ Ռոբերտ Ֆարքուհարի ներկայացմամբ, այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5  տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել վիճակախաղին։

Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ։ Հյուպատոսը հատուկ ընդգծեց, որ Բազմազանության արտոնագրի խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացումը։ Հաղթողները պետք է հաղթահարեն նաեւ հարցազրույցի փուլը, որից հետո միայն արտոնագիր կստանան, հաղորդումէ  «Ազատությունը»: