«Ֆինանսական ահաբեկչության» դեմ «Գրավիր Ուոլլ սթրիթը» ակցիան համաշխարհային մասշտաբ է ստանում. հոկտեմբերի 15-ին այդպիսի ակցիաներ կանցկացվեն տարբեր երկրներում: Մասնավորապես ` ցույցեր են սպասվում Տորոնտոյում, Զագրեբում, Նոր Զելանդիայում եւ Նյու Յորքում, որտեղ էլ տեղի ունեցան ժամանակակից տնտեսական կարգի դեմ ուղղված առաջին ակցիաները:

Քաղաքներից շատերը, որոնք ընտրվել են ցույցերի համար, ֆինանսական կենտրոններ են, եւ ակցիաներն էլ կազմակերպվելու են ֆինանսական կառույցների` բորսաների ու ֆինանսների նախարարությունների շենքերի մոտ:

Մասնակիցները հայտարարել են, որ իրենց ակցիաները խաղաղ բանույթ են ունենալու, սակայն ոստիկանական ուժերը պատրաստ վիճակի են բերվել:

Գրեթե բոլոր ակցիաները կազմակերպվել են սոցիալական Facebook ցանցի միջոցով:

Նյու Յորքում սկսված` բանկային համակարգի դեմ բողոքի ակցիան տարածվել է ողջ աշխարհում: Անցած շաբաթ մոտ 500 ուսանողներ, արհմիությունների անդամներ երթի էին դուրս եկել Լոս Անջելեսում: Ոստիկանությունը ձերբակալել էր 11 մարդու, ովքեր նստել էին Bank of America-ի սրահում:

Նյույորքցիներին իրենց համերաշխությունն են հայտնում Վաշինգտոնի, Բոստոնի, Չիկագոյի, Ֆիլադելֆիայի, Լոս Անջելեսի եւ այլ քաղաքների բնակիչները: