Google Buzz սոցիալական ցանցը, որն իրական մրացակից է համարվում  Twitter-ի եւ Facebook-ի համար,  կփակվի Google մյուս ծառայությունների հետ:

Այդ մասին ընկերության պաշտոնական կայքում հայտարարել է  Google-ի  արտադրանքի կառավարման գծով փոխնախագահ Բրեդլի Հորովիտցը: «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կփակենք Buzz –ն ու Buzz API-ը եւ դրանց փոխարեն կկենտրոնանանք «Google+»-ի վրա: Եւ թեեւ օգտագործողը հնարավորություն չի ունենա նոր հաղորդագրություններ ստեղծել, սակայն կարող են հետեւել իրենց արդեն գոյություն ունեցող կոնտենտին, ինչպես նաեւ ներբեռնել այն  Google Takeout-ի օգնությամբ», - ասվում է Հորովիտցի հայտարարության մեջ:

Ինտերնետային հսկան բացի դրանից հայտարարել է եւս մի քանի ծրագրերի փակման մասին: 2012թ. հունվարին կդադարեն գոյություն ունենալ  Google Code Search, Jaiku եւ University Research Program for Google Search ծառայությունները:  Սոցիալական գործառույթից կզրկվի նաեւ iGoogle-ը, թեեւ ծառայությունը  կշարունակի գոյությունը: Google Labs-ը, ինչպես եւ ծրագրվել էր, փակվել է  հոկտեմբերի 14-ին, իսկ Boutiques.com եւ Like.com կայքերին կփոխարինի  Google Product Search-ը, փոխանցում է  «Internet Business».