Թեեւ մենք տեսել ենք ընտրական տեղամասերում ձայնային ձեռներեցների՝ «տասովշիկների», գործունեությունը, բայց կա երկու կարեւոր ինդիկատոր, որոնք էական են գնահատելու համար, թե այդ ձայնային ձեռներցներն ինչ ազդեցություն ունեն ընտրողների վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այդ ինդիկատորներից մեկն այն է, թե արդյոք այդ մարդկանց ազդեցությունն ընտրողների վրա այնքան է, որ ընտրողներին առավոտյան ժամը 8-ին բերել տեղամաս, որովհետեւ ձայնային ձեռներեցին ձեռնտու է ժամը 8-ին բերել տեղամաս, որ տեսնի ում բերեց, ում չբերեց, մինչեւ երեկոյան ժամը 8-ը շատ ժամանակ ունենա:
Եթե առավոտյան 8-ին շատ ընտրողներ են գալիս, դա խոսում է այն մասին, որ ձայնային ձեռներեցները ընտրողների վրա շատ ազդեցության եւ պարտադրանքի լծակներ ունեն: Երկրորդն այն է, թե տեղամասից դուրս եկած ընտրողները արդյոք քվեարկելուց հետո գնում, մտնում են կուսակցության շտաբ, թե ոչ: Որովհետեւ, եթե մտնում են կուսակցության շտաբ, կարող է հարց առաջանալ, որ այնտեղ կամ ընտրակաշառք են ստանում, կամ ինչ-որ ապացույց են ներկայացնում, որ այդ կուսակցությանն են քվեարկել: Այս երկու ինդիկատորներն էլ այս ընտրություններում բացասական էին:
Մենք առավոտյան 8-ին չտեսանք ընտրողների հերթեր, ինչը բավական նորմալ է կիրակի առավոտյան քնել ցանկացողների համար; Եվ նաեւ չտեսանք, որ մարդիկ տեղամասիերից դուրս գալուց հետո զանգվածային կերպով գնային մտնեին որեւէ կուսակցության, այդ թվում ՔՊ-ի շտաբ: Այս առումով որակական տարբերություն ենք տեսնում 2017-ի ընտրությունների հետ»,-հայտարարեց Իոաննիսյանը:
Նրա խոսքով, նախահեղափոխական Հայաստանում ընտրությունների ժամանակ առավոտյան ժամը 8-ին հերթեր էին տեղամասերում, եւ դրանք հենց բերված ընտրողներն էին:
Իոաննիսյանը հարց բարձրացրեց. «Ո՞րն է այն մարդկանց մոտիվացիան, որ նախկինում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի համար էին «տասովկա» արել, հյիմա ՔՊ-ի համար «տասովկա» անել: Այդ մարդկանց մեծ մասը դժվար թե գաղափարական հիմքով էին դա անում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) եւ «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):
Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 24
«Ազգային առաջընթաց» - 14
«Մայր Հայաստան» - 12
«Հանրապետություն» - 8
«Հանրային ձայն»- 7
Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։





























