Թուրքիան Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների Մոսկվայի վերահսկած հատվածներից 2023 թվականի փետրվարից հուլիս ներմուծել է մոտ 160 հազար տոննա ածուխ։ Անկարան այս վառելիքի ամենամեծ գնորդն է արտաքին շուկայում՝ ստանալով մատակարարումների մինչև 95 տոկոսը։ Այս մասին ասվում է Reuters-ի հետաքննության մեջ։
Գործակալությունն ուսումնասիրել է առևտրի վիճակագրությունը՝ թուրքական շուկայում հայտնաբերելով օկուպացված շրջաններից ուկրաինական ածուխի առնվազն 10 ռուսաստանյան մատակարարների։ Վառելանյութի մի մասն ուղարկվում է Դոնի Ռոստովի և Նովոռոսիյսկի նավահանգիստներից, որոնք երկաթուղային գծերով կապված են Դոնեցկի և Լուգանսկի հետ։ Գնորդներն ընկերություններ են, որոնք գրանցված են Հոնկոնգում, Արաբական Միացյալ Էմիրություններում և օֆշորային գոտիներում, ներառյալ Բրիտանական Վիրջինյան կղզիները և Բելիզը:
Լրագրողներին չի հաջողվել կապ հաստատել այս գնորդների հետ կամ պարզել, թե ով է կանգնած նրանց հետևում։ Բելիզի իշխանությունները հրաժարվել են նրանց տեղեկատվություն տրամադրել առևտրային ռեգիստրից ածուխի ամենամեծ գնորդի մասին։ Հոնկոնգում գտնվող շենքում, որտեղ հաստատվել է երկրորդ խոշոր ներկրողը, ըստ փաստաթղթերի, ընկերության մասին որևէ հիշատակում չկա:
Ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Եվրամիության երկրների՝ Թուրքիան սահմանափակումներ չի մտցրել պատերազմի ընթացքում օկուպացված ուկրաինական տարածքների հետ առևտրի վրա։ Նախկինում լրագրողական հետաքննություններով հաստատվել է թուրքական ընկերությունների կողմից ածուխի ներկրումը Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, որոնք Կիեւը չի վերահսկում։ Ուկրաինացի, թուրք և ռուս պաշտոնյաները Reuters-ին չեն մեկնաբանել ածխի գործով հետաքննությունը։
Reuters-ը հայտնաբերված բեռնափոխադրումների արժեքը գնահատում է 14,3 մլն դոլար։ Սա Ռուսաստանից Թուրքիա ներկրվող ածխի ընդհանուր ծավալի մոտ մեկ տոկոսն է։





























