Աշխարհում թափ է հավաքում նոր գլոբալ շարժում` «Գրավիր Ուոլ-Սթրիթը»: Այն սկսվել է ԱՄՆ-ում, սակայն արդեն ներթափանցել է եվրոպական երկրներ: Այս հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում եւ այլուր:
Wall Street-ը փողոց է Նյու Յորքում, Մանհեթենում, որտեղ գտնվում է Նյու Յորքի ֆոնդային բորսան, եւ որը համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: Հազարավոր մարդկանց բողոքն ուղղված է հենց ֆինանսական ինստիտուտների, առաջին հերթին` բանկերի դեմ: Ցույցի դուրս եկած մարդիկ համարում են, որ բանկերն անարդարացիորեն կլանում են գերշահույթներ ու խոչընդոտում են ազգերի զարգացմանը:
Ակցիային միանում են նաեւ հայտնի մարդիկ: Այսպես` ԱՄՆ-ում բողոքի ակցիային մասնակցել է հայտնի ռեժիսոր Մայքլ Մուրը (առավել հայտնի է «Ֆարենգեյթ 9/11» վավերագրական ֆիլմով), որը հայտարարել է հետեւյալը. «Մենք մինչեւ կոկորդներս կուշտ ենք գողերից, որ գողանում են մեր ապագան»:
Բողոքի ամենամեծ ակցիաները տեղի են ունեցել Իտալիայում, որին մասնակցել են մոտ 200 հազ. մարդ, իսկ ոստիկանության հետ բախումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել: Հետաքրքիր զարգացում է ստացել բողոքի ակցիան Չիկագոյում, որտեղ առաջին անգամ կոնկրետ պահանջ է ներկայացվել` ձերբակալել 2008-ի ճգնաժամի մեջ մեղավոր Ուոլ Սթրիթի «քրեականներին»:
Դիտորդներից շատերի կարծիքով` «Գրավիր Ուոլ-Սթրիթը» շարժումն առաջիկայում ավելի մեծ թափ կստանա, ու հավանաբար կներթափանցի նաեւ երրորդ երկրներ (չի բացառվում` նաեւ Հայաստան):




























