Մեծարգո՛ նախագահ, մեծահա՛րգ վարչապետ, մեծահա՛րգ ԱԺ նախագահ, պատվարժա՛ն ավագանու անդամներ և սիրելի՛ նորընտիր քաղաքապետ: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում այսպես դիմեց ներկաներին Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Քաղաքամայր Երևանը հայի դարավոր երազանքների աննկուն տաճարն է, մեր ազգի հերոսական պատմության անառիկ ամրոցն ու խոսուն վկան: Հայոց քաղաքամայրը հայոց ոստանն է, հայի բնօրրանը, հույսերի եւ երազանքների գաղտարանը, օտար ափերում ապրող հայի կարոտը եւ հետդարձի կոչնակն ու հայ մնալու վսեմ խորհուրդը»,-ասաց նա:

«Բարվոք Երեւանն ամենքիս ցանկությունն է, միաբանությունը բարի գործերի մայրն է: Միաբան լինել, այսինքն բարի գործերի համար այլակերպվել հանունը, ոչ թե ընդդեմի,   լծվել քաղաքամայր Երեւանի առավել շենացմանը եւ առավել զորացման նվիրական գործին, քանզի մենք մեր տունն ենք կառուցում: Թող ոչ մի պատնեշ չխանգարի մեր միասնությանը:

Մենք ունենք վերքեր, ցավեր ու կորուստներ. Եկեք ամոքենք մեր վշտերը արդ սիրելով զորակցենք բռնի տեղահանված արցախցիներին, կարեկից լինենք, գրկենք նրանց, շիրակ  անցնենք փորձություններով լի մեր ճանապարհը»,-ասաց նա:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նաեւ շարունակեց. «Մենք լծակից ու գործակից ենք ձեզ, միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»։