Երևանի քաղաքապետարանը համայնքային ոստիկանություն ստեղծելու ծրագիր ունի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ քաղաքապետարանն ունի շատ տարանջատված վարչություններ, որոնք պետք է միավորվեն։
«Երևանն ունի տարբեր վարչություններ՝ հասարակական կարգի պահպանման վարչություն, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, գովազդի և առևտրի վարչություն և այլն, որոնք պետք է միավորվեն, դրանք ունեն այսպես ասած՝ ոստիկանական գործառույթներ, և այս ամենը կոնսոլիդացնելու խնդիր կա մեկ ծառայության ներքո։ Ուղղակի մենք ունենք շատ տարանջատված վարչություններ, ամեն մեկն իրականացնում է քաղաքականություն, բայց շատ դեպքերում դրանք խաչվում են իրար հետ, և համակարգված չեն»,- նշել է նա։
Դիտարկմանը, որ նման ծառայության ստեղծումը «թանկ հաճույք է» Ավինյանն արձագանքել է. «Եթե մենք ունենք այդ ծառայությունները ինչ-որ կերպ պահում ենք չէ՞ այդ ծառայությունները, դրանք անհրաժեշտություն են»։





























