Հունգարիան երբեք չի ցանկացել դիմակայել Ռուսաստանին, ընդհակառակը, միշտ ծրագրել է ընդլայնել շփումները։ Այս մասին ասել է հանրապետության վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Հունգարիայի նպատակը միշտ եղել է շփումների բարելավումն ու ընդլայնումը։ Եվ մեզ դա հաջողվել է»,- նշել է Օրբանը։ «Պատժամիջոցների պատճառով մեր հարաբերությունները, ցավոք, տուժել են»։

Նա նշել է, որ Հունգարիան փորձում է փրկել այն ամենը, ինչ դեռ կարելի է փրկել երկկողմ շփումներում։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի աջակցենք այս համագործակցությանը նաեւ տնտեսության ոլորտում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, որ «Ռոսատոմը» այսուհետ եւս մնում է մեր հիանալի գործընկերը։ Ուզում եմ շնորհակալություն հայնել «Գազպրոմին», որովհետեւ նա կատարում է իր պարտավորությունները»։

Պուտինն իր հերթին նշել է, որ Հունգարիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին տասնամյակներին կառուցվել են միմյանց շահերը հաշվի առնելով, հենվելով անցյալից մնացած դրականի վրա»։ «Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսությանը։ Անցած տարի զգալի աճ է գրանցվել առեւտրատնտեսական փոխգործակցությունում՝ ավելի քան 80 տոկոս։ Ցավոք, այս տարի մենք տեսնում ենք, անկում –35 տոկոս։ Փառք Աստծո,  կան հիմքեր մտածելու, թե ինչ պետք է անել լրացուցիչ, որպեսզի ազդենք այդ գործընթացի վրա դրական առումով։ Սա մեկ։

Երկրորդ։ Իհարկե, շատ կարեւոր է Եվրամիության երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ ունենալ կարծիքների փոխանակման հնարավորություն ոչ միայն եկկողմ հարաբերությունների, այլեւ աշխարհի, Եվրոպայի իրավիճակի վերաբերյալ։ Մենք գիտենք, որ մեր դիրքերը միշտ չէ, որ համընկնում են, բայց կարծիքների փոխանակման հնարավորություն ունենալը միշտ շատ կարեւոր է»,- ասել է նա։