ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը բանակցություններ է վարում հայկական երկաթուղու կոնցեսիոների` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ՝ 2010 թվականին Սոդքի հանքավայրից Արարատ հանքաքարի տեղափոխման ծավալների մեծացման վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում GeoProMining խմբի մամուլի ծառայությունից:

Համաձայն աղբյուրի, նախապես ծրագրվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին», լրացուցիչ ներդրումների շնորհիվ Սոդք-Վարդենիս-Հրազդան-Արարատ ճյուղի փոխադրման հնարավորությունները կմեծացնի մինչեւ տարեկան 1,5 -2 միլիոն տոննա հանքաքար:

Արարատի ֆաբրիկայի վերագործարկման առաջին ամսում (2008թ նոյեմբեր) ընկերությունը արդյունահանեց 21 473 տոննա հանքաքար, դեկտեմբերին`30 410, 2009թ հունվարին արդյունահանումը աճեց մինչեւ 31 285, իսկ փետրվարին` մինչեւ 38 000 տոննա։ Ներկայումս ընկերությունը ամսական արդյունահանում եւ վերամշակում է 45 000 տոննա հանքաքար, որի արդյունքում ընկերությունը տարեկան արտադրում է 30-40 000 ունցիա ոսկի:

Վերամշակման եւ կորզման ծավալների բարձրացման համար ԳՊՄ Գոլդ ընկերությունը մշակում է նոր ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Արարատի հարստացման ֆաբրիկայի վերազինում: Ֆաբրիկայի վերազինման արդյունքում տարեկան արտադրողականությունը կբարձրանա մինչեւ 80-100 000 ունցիա ոսկի:

Ռուսական GeoProMining ընկերությունը Sterlite Gold Ltd ընկերության 100% արժեթղթերը ձեռք բերեց միջազգային Vedanta Resources ընկերությունից 2007թ սեպտեմբերին: Sterlite Gold Ltd.-ն ԱՈԱՁ ընկերության միակ սեփականատերն էր: Vedanta Resources-ի փաթեթի ձեռքբերման, պարտքերի մարման, մինորիտար բաժնետերերից արժեթղթերի գնման, նախագծի իրականացման, ընկերության աշխատակիցների հետ առնչվող ծախսերը մեկ եւ կես տարում կատարելու համար, ինչպես նաեւ ֆաբրիկայի վերազինման համար կատարված ներդրումները արդեն գերազանցում են 160 միլիոն ԱՄՆ դոլարը:

GeoProMining ընկերությունների խումբը միջազգային մասնավոր ընկերություն է մետաղների բազմաճյուղ արդյունահանմամբ, որը հիմնվել է 2001թ.-ին։ Արտադրությունը ոսկու համաձուլվածք է՝ «Դորե» ձուլակտորի տեսքով, ինչպես նաեւ պղնձի, մոլիբդենի եւ սյուրմայի խտանյութեր: GeoProMining ընկերությունների խումբը մետաղների արդյունահանումն իրականացնում է Ռուսաստանում, Հայաստանում եւ Վրաստանում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են `ԳՊՄ ԳՈԼԴ ձեռնարկությունը եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: