Հարավային Կորեան Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ   կիրակի օրը համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին։

Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքներին արձագանքելու երկրների կարողությունը, ասվում է Հարավային Կորեայի օդուժի հայտարարության մեջ:

Դրան մասնակցել է ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչը, ինչպես նաև երեք երկրների կործանիչները։

Օգոստոսին կայացած Քեմփ Դեյվիդի գագաթնաժողովում Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պայմանավորվել էին  ամենամյա եռակողմ վարժանքներ անցկացնել և ստեղծել ճգնաժամային հաղորդակցության թեժ գիծ։

Միաժամանակ կիրակի օրը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ավարտեցին համատեղ «Լուռ շնաձուկ» հականավային զորավարժությունը, հայտնել են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը: