Ֆրանսիայի իշխանությունները կուժեղացնեն օդանավակայանների եւ կայարանների անվտանգության միջոցները՝ կապված տեղադրված ռումբերի մասին հաճախակի դարձած տեղեկությունների հետ։ Պարեկների թիվը Փարիզում կավելանա 40 տոկոսով, SNCF ընկերության երկաթուղային կայարանների անձնակազմը՝ 20 տոկոսով, հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի նախարար-պատվիրակ Քլեման Բոնը France Inter ռադիոկայանի եթերում։

Կեղծ ռումբերի մասին տեղեկությունները «լուրջ հանցագործություններ» են եւ կհետաքննվեն, ընդգծել է Բոնը։

Հոկտեմբերի 13-ից Ֆրանսիան հնարավոր գրոհների դեմ «արտակարգ պատրաստվածության» վիճակում է այն բանից հետո, երբ 20-ամյա չեչենը մահացու վիրավորել էր դպրոցի ուսուցչին Արաս քաղաքում։ Ավելի ուշ հաճախակի դարձան կեղծ տեղեկությունները տրանսպորտային ցանցի օբյեկտների, դպրոցների եւ մշակութային կենտրոնների ականապատման մասին, տեղեկացրել է DW-ն։

Հոկտեմբերի 22-ին Փարիզի մոտ, Վերսալի պալատում տարհանել են հյուրերին վերջին ութ օրվա ընթացքում արդեն յոթերորդ անգամ։ Վերսալը նորից բացվել է ստուգումից երկու ժամ հետո։ Մինչ այդ Լուվրն էր նույն պատճառով տարհանել 3 հազար այցելուի՝ ռումբի մասին տեղեկությունն ստանալուց հետո։

Քլեման Բոնի տվյալներով՝ հոկտեմբերի 11-ից Ֆրանսիայի օդանավակայաններում գրանցվել է 70 կեղծ տեղեկություն ռումբերի տեղակայման մասին, դրանք բոլորն ուղարկվել են նույն էլեկտրոնային հասցեից, որը գտնվում է Շվեյցարիայում։ Նման գործողությունների համար Ֆրանսիայի օրենսդրությունը նախատեսում է պատիժ՝ երկու տարի ազատազրկում եւ 30 000 եվրո տուգանք։ Եթե նախազգուշացումը սպառնալիք է պարունակում, ժամկետը կարող է հասցվել երեք տարվա, տուգանքը՝ 45 հազար եվրոյի։