Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ,  այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։

Հայոց Հայրապետն արցախահայերին պատգամեց զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի մեր զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։

Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվեցին արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական: