ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնելով որպես մեծ հաջողություն` ալիեւյան կլանը շարունակում է մտացածին քարոզչությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա այս փաստը չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ: Ադրբեջանի օգտին քվեարկել են իսլամական երկրները եւ տասնյակ երրորդ աշխարհի երկրներ, որոնց, կարծում եմ, հրապուրել է Բաքվի նավթի կանաչ հոտը»,- նշել է Շարմազանովը: վերջինս նշել է, որ ոչ մշտական անդամ դարձավ նաեւ Պակիստանը, որի թե ներքին իրավիճակը, եւ թե ահաբեկիչների հետ հարաբերությունները գաղտնիք չեն, եւ չի կարծում, որ միջազգային հանրությունը նրանց համարում է կայացած պետություն:
Նա նկատել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել փոխհարաբերություններն ԱՄՆ-ի եւ Եվրամիության, նաեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
«Մեր երկրների միջեւ շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը: ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ամբողջությամբ իր վրա վերցնել պատասխանատվությունը ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար: Կարծում եմ, Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են եւ դա է պատճառը, որ նրանք առիթը բաց չեն թողնում մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելու»,- ասել է Շարմազանովը:
«Թե նախագահ Սարկոզին Երեւանում, եւ թե նախագահ Մեդվեդեւը Մոսկվայում, նշեցին, որ արցախյան խնդիրը ունի միայն խաղաղ քաղաքական լուծում եւ «զինված ագրեսիան անթույլատրելի է» կոչը ուղղված էր Ադրբեջանին: Ժամանակն է, որ Ադրբեջանը սթափվի»,- ամփոփել է պատգամավորը:




























