Ներկայում ԱՊՊԱ համակարգի բնականոն եւ սահուն գործունեությունը վտանգված չէ, նշված է ՀՀ կառավարության եզրակացության մեջ, որպես պատասխան հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանի օրենսդրական նախաձեռնությանը:

Գ. Մինասյանը, ով նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում: Առաջարկի իմաստը հետեւյալն է` ԱՊՊԱ-ի մասով 2011 թ. հավաքագրված ապահովագրական միջոցների 15 տոկոսը պետք է ուղղվի հատուկ երաշխավորված ֆոնդ:

Պատգամավորն իր առաջարկը հիմնավորել է հետեւյալ կերպ. 2011 թ. համար հաշվարկված ԱՊՊԱ սակագնի կառուցվածքում պատահարների դիմաց հատուցումների համար նախատեսված էր հավաքագրված գումարների 75%-ը, իսկ բեռնվածության համար` 25%: Ընդ որում, բեռնվածության բաղադրիչներն են` ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերության կողմից կարտարվելիք բոլոր ծախսերը, ներառյալ շահույթը:

Սակայն 2011 թ. առաջին ութ ամիսների արդյունքներով պատահարների դիմաց հատուցումների (վնասաբերության) մակարդակը կազմել է 47.93%: Կանխատեսվում է, որ այս մակարդակը մինչեւ տարեվերջ էական փոփոխությունների չի ենթարկվի:

Հաշվի առնելով հենց այդ իրավիճակը, այսինքն` ապահովագրական ընկերությունների մոտ փաստացի գերշահույթների ձեւավորումը, Գ. Մինասյանն առաջարկել է այդ գերշահույթների մի մասի հաշվին ավելացնել երշխավորված ֆոնդ մասհանումների չափը:

Կառավարությունն իր պատասխան եզրակացության մեջ նշել է, որ պատգամավորի առաջարկն ըստ էության  ապահովագրական ընկերությունների համար լրացուցիչ վճարներ կատարելու պարտավորություն է, հետեւաբար` անընդունելի: «Նախագծի ընդունումը կարող է խեղաթյուրումներ առաջացնել ֆինանսական շուկայում` բացասական ազդակներ հաղորդելով ՀՀ ապահովագրական շուկայում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող արտաքին ներդրողներին, քանի որ ընթացիկ տարվա համար արդեն իսկ սահմանված «խաղի կանոնների» փոփոխությունը վատ  նախադեպ կհանդիսանա ոլորտի հետագա գործունեության եւ կայուն զարգացման տեսանկյունից»,- նշված է կառավարության եզրակացությունում, որը կառավարության կողմից կհաստատվի հոկտեմբերի 27-ի նիստում (օրակարգային հարցերից մեկն է):