Սիեռա Լեոնեի կառավարությունը պարետային ժամ է հայտարարել ամբողջ երկրում՝ մայրաքաղաք Ֆրիթաունում ռազմական զինապահեստի վրա հարձակումից հետո, հայտնում է AFP-ն։
Կառավարությունը հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձել են ներխուժել բանակի գլխավոր զորանոցի զինապահեստը, հետ են մղվել, սակայն հանրությանը խնդրել են մնալ տանը:
Ականատեսները AFP-ին պատմել են, որ կրակոցների և պայթյունների ձայներ են լսել քաղաքի Ուիլբերֆորս շրջանում, որտեղ գտնվում է զինապահեստը, ինչպես նաև մի շարք դեսպանատներ:
Այլ վկաներ հայտնել են, որ կրակոցներ են լսել Մյուրեյ Թաունի զորանոցի մերձակայքում, որտեղ տեղակայված են ռազմածովային ուժերը, և Ֆրիթաունում գտնվող մեկ այլ ռազմական օբյեկտի սահմաններից դուրս:
Ականատեսների վկայությամբ, մայրաքաղաքի փողոցները դատարկվել են։
«Կասկածյալների ձերբակալման գործընթացը շարունակելու համար անվտանգության ուժերին հնարավորություն ընձեռելու նպատակով ամբողջ երկրում անհապաղ պարետային ժամ է սահմանվում», - ասել է Սիեռա Լեոնեի տեղեկատվության նախարար Չերնոր Բախը:
Հարձակման ենթադրյալ կատարողների կամ դրանց դրդապատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Արևմտյան Աֆրիկայում գտնվող անգլալեզու Սիեռա Լեոնեն քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել այս տարվա հունիսին կայացած նախագահական և համընդհանուր ընտրություններից հետո:




























