ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը, ԱՄՆ առաջին տիկինը և «շատ ամերիկացիներ աղոթում են», որ հրեական ծագումով 4-ամյա  ամերիկուհի Ավիգեյլ Իդանի մոտամեն ինչ լավ լինի պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գերությունից ազատվելուց հետո։

Ըստ Բայդենի, Բեերի կիբուցում հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ Իդանի աչքի առաջ սպանել են  մորը,  հետո նա վազել է հոր մոտ, որն իր մարմնով պաշտպանել է աղջկան, սակայն նրան գնդակահարել են: Այնուհետև նա վազել է իր հարևանների տուն, որտեղ իրեն և ներսում գտնվողներին պատանդ են վերցրել:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Քաթարի էմիրի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ ինքն անձամբ է պնդել նրա  ազատումը։

Բայդենը նաև ասել է, որ շարունակում է աշխատել մնացած պատանդներին ազատելու համար, որոնց թվում կան ԱՄՆ ութ ​​քաղաքացիներ և երկրում մշտական բնակությամբ ​​մեկ բնակիչ։

Սպասվում է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող ևս երկու քաղաքացի ազատ կարձակվի շարունակվող զինադադարի շրջանակներում: Մնացած յոթը չափահաս տղամարդիկ են, որոնք ներառված չեն ընթացիկ գործարքում:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հույս ունի երկարաձգել զինադադարը և խոստանում է շարունակել աշխատանքը այնքան ժամանակ, մինչև բոլոր պատանդների ազատ արձակվեն։

Իսրայելը համաձայնել է քառօրյա հրադադարը երկարաձգել ևս մեկ օրով՝ յուրաքանչյուր լրացուցիչ 10 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց։