Ռուսաստանի Հանրային պալատի պատվիրակությունն այսօր` հոկտեմբերի 26-ին, այցով ժամանում է Հայաստան` հանրապետության Հանրային խորհրդի հրավերով, երկու կառույցների համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած փորձի փոխանակման նպատակով: Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին կստորագրվի համագործակցության համաձայնագիր:
Ռուսական պատվիրակությանը կընդունեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Պատվիրակության անդամները կայցելեն նաեւ Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարան, ռուս ակադեմիկոս Եւգենի Վելիխովը կհանդիպի նաեւ Հայաստանի ԳԱԱ-ի ղեկավարության հետ:
Բոլոր հանդիպումներին ներկա կլինի Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ղեկավար Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:




























