Պակիստանի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ սոցիալական ցանցերում լուսանկարի պատճառով 18-ամյա աղջկա սպանության մեղադրանքով։ Ոստիկանությունն ասում է, որ աղջկա վրա կրակել է սեփական հայրը այն բանից հետո, երբ հարազատները նրան խորհուրդ են տվել դա անել:
Հարազատները նաև կոչ են արել պատվախնդրության նկատառումով սպանել նաև աղջկա ընկերուհուն, որը նույնպես պատկերված է եղել լուսանկարի վրա, սակայն վերջինիս փրկել է ոստիկանությունը, ասել են պաշտոնյաները:
Հայրը՝ Արսլան Մոհսինը և երեք հարազատները ձերբակալվել և կանգնել են դատարանի առաջ, Reuters-ին ասել է ոստիկանության խոսնակ Մասուդ Խանը, հավելելով, որ սպասվում են նոր ձերբակալություններ։
Ամեն տարի հարյուրավոր կանայքպատվախնդիր սպանության զոհ են դառնում հարազատների ձեռքով, որոնք կարծում են, որ այդ կերպ պաշտպանում են ընտանիքի պատիվը։
Պակիստանի օրենսդիրները կոչ են արել խստորեն պատժել մարդասպաններին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել նման հանցագործություններն արմատախիլ անելու երկրի անկարողության առիթով:
Չնայած Պակիստանում օրենքների խստացմանը և հանրային վրդովմունքին, պատվախնդիր սպանությունները շարունակվում են․ միայն 2022 թվականին Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նման 384 դեպք է գրանցվել:




























