Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունը, թե Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մաքուր PR է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգայնականության եւ հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքով, Թբիլիսին ցանկանում է պարծենալ միջազգային հանրության առջեւ:
«Սա նման առաջին հայտարարությունը չէ: Սակայն խոսքը գործ չի դառնում: Վրաստանը չի կարող լինել միջնորդ, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերահսկում է Ռուսաստանը, եթե չասեն ամբողջ Մինսկի խմբի մասին», - նշեց փորձագետը:
Ռուսաստանի գործոնից բացի Վրաստնը միջազգային հարթակներում մշտապես ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում, ինչը Հայաստանին թույլ չի տա Վրաստանին ընդունել որպես միջնորդ:
«Դա բացառվում է: Բոլոր բանաձեւերում, զեկույցներում Վրաստանը պաշտպանում է Ադրբեջանին: Երեւանը չի վստահի այդպիսի միջնորդին եւ անմիջապես կհրաժարվի», - նշեց Զաքարեիշվիլին:
Քաղաքագետը նաեւ ավելացրեց, որ, նույնիսկ, Թուրքիան չկարողացավ խցկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, իսկ Վրաստանին ընդհանրապես չի հաջողվի այդ ուղղությամբ առաջ գնալ:
NEWS.am-ը հաղորդել էր, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում Վրաստանը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը:
«Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է եւ այն հնարավոր չէ մասնատել: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է գիտակցեն, որ մենք գնտվում են հավասար վիճակում եւ մեր անկախությունն ու ինքնիշխանությունն անքակտելիորեն կապված են իրար: Եթե անհրաժեշտ լինի Վրաստանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության միջնորդության մեջ, ապա մենք պատրաստ ենք», - հայտարարել էր Վաշաձեն:




























