Նոյեմբերի 28-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. Ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին է ահազանգել Աչաջուր գյուղի բնակիչ՝ 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը և հայտնել, որ նոյեմբերի 27-ի՝ ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում, Աչաջուր գյուղում, օգտվելով իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել են այնտեղ եղած գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Հ. Ղալթախչյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցից անհայտ անձը կամ անձինք գողացել են 1 մլն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար և 120 հազար ՌԴ ռուբլի:
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Հ. Ղալթախչյանը երկար տարիներ աշխատել է հայաստանյան հայտնի բանկերից մեկի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ:




























