Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել է Հայաստանի քայլը, որով Թուրքիային օգնություն էր առաջարկել հզոր երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում:
«Հայաստանը երկրաշարժի հետեւանքները վերացնելու մեծ փորձ ունի, եւ այդ քայլը ողջունելի է», - հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, Թուրքիայի Վան նահանգի հզոր երկրաշարժի արդյունքում Վանում եւ Էրջիշում զոհերի թիվը հասել է 459-ի, վիրավորներինը` 1352-ի: Քանդված շինությունների քանակը 2000-ից ավելի է: Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 13:41 տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հիպոկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք` Թաբանլի գյուղի մոտ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով հոկտեմբերի 23-25-ը պետական այցով գտնվում էր Մոսկվայում, անմիջապես ցավակցական հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին երկրաշարժի կապակցությամբ եւ օգնություն է առաջարկել: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է սեփական ուժերով հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալոււթյուն է հայտնել բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք էին մեկնել:




























