Հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր չպայթած զինամթերքը, որոնցից շատերը պատրաստված են ԱՄՆ-ում, կարող են անբնակ դարձնել Գազայի հատվածի մասերը, իսկ տարածքի ականազերծումը երկար տարիներ և տասնյակ միլիոնավոր դոլարներ կպահանջի, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) փորձագետ Չարլզ Բերչին։
Ինչպես գրում է պարբերականը, Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունները փոշու են վերածել ամբողջ թաղամասեր, իսկ անկլավի հարավում ուժեղացող օդային հարվածները վկայում են այն մասին, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նրա տարածքի էլ ավելի մեծ մասը։
«Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր չպայթած զինամթերքի պատճառով՝ սկսած ՀԱՄԱՍ-ի ինքնաշեն հրթիռներից մինչև Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին տրամադրված բարձր տեխնոլոգիական զինամթերքները, անկլավի տարածքն անհավանական աղտոտված կլինի, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- պարբերականը մեջբերում է Բերչի խոսքը, որը պայթուցիկ նյութերի վնասազերծման փորձագետ է։
Նրա գնահատմամբ, երկար տարիներ և տասնյակ միլիոնավոր դոլարներ կպահանջվեն ամբողջ Գազայի հատվածն անվտանգ դարձնելու համար։ Նա հավելել է, որ Գազայի հատվածում մեկ ռումբ գտնելու և վնասազերծելու համար կարող է պահանջվել մինչև 30 կապալառու, որոնք փլատակների մեջ որոնումներ կիրականացնեն ավելի քան մեկ ամիս, իսկ UNMAS-ի համար յուրաքանչյուր ռումբի վնասազերծման արժեքը կկազմի մինչև 40,000 դոլար:
Ինչպես գրում է Washington Post-ը, Գազայի հատվածում իրավիճակը որոշակիորեն նման է իրաքյան Մոսուլ քաղաքի իրավիճակին 2017 թվականին այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու մարտերից հետո։ UNMAS-ը 2021-ին հայտարարել էր, որ միայն Մոսուլից հյուսիս գտնվող Թալ Քայֆ քաղաքում ավելի քան 1200 չպայթած զինամթերք է վնասազերծել:
Իսրայելը ճշգրիտ տվյալներ չի հայտնում Գազայի հատված նետված զինամթերքի քանակի մասին։ Փորձագետներն ասում են, որ ենթակառուցվածքի ոչնչացման չափը ցույց է տալիս, որ ռմբակոծության ընթացքում օգտագործվել են ավելի քան 900 կիլոգրամ քաշով Mark 84 ռումբեր, որոնք հագեցվում են ԱՄՆ-ի կողմից մատակարարվող JDAM ուղղորդման համակարգով՝ չկառավարվող ավիահրթիռները կառավարվողների վերափոխելու համար:
Հարցը, թե ով կվերականգնի տնտեսապես ամայացած անկլավը, մնում է բաց, նշում է պարբերականը։





























