Այն, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը չի տիրապետում ՏԻՄ օրենքի պահանջներին, զարմանալի չէ։ Բայց որ նման մակարդակի գիտելիքներ ունի Տարածքային կառավարման նախարարը, մեղմ ասած, ողբերգություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Այսօր Գնել Սանոսյանն ասում է, որ Ալավերդու երեկվա նիստի ընթացքում որևէ օրենք չի խախտվել։

Եվ այսպես, նիստը սկսվել է 10։00՝ առանց համայնքի ղեկավարի ներկայանալու։ Համայնքի ղեկավարը նիստերի դահլիճ է մտել 10։27, որից հետո ոստիկանության զորքերի կողմից բռնությամբ դուրս է բերվել դահլիճից։

Եվ այսպես, ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Այսինքն, ավագանու անդամները պարտավոր էին սպասել կես ժամ, որից հետո նոր սկսել նիստը։

Չեմ կարծում, որ Գնել Սանոսյանը սուտ է խոսում, մնում է այն, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտի գլխավոր օրենքին»,- գրել է Առաքելյանը։