Եթե ​​հարց բարձրացվի Հայաստանից ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերման մասին, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է ապակայունանալ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

Նրա խոսքով՝ դա կարող է պայմաններ ստեղծել նոր պատերազմի համար։

«Դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են սկսել հայկական հարցը վերջնականապես լուծելու գործողություն, ինչպես Ղարաբաղում վերջին օպերացիան»,- նշել է Կռիլովը։

Նա մեծ կասկածներ հայտնեց, որ Հայաստանին օգնության կգա հավաքական Արեւմուտքը։

«Հայաստանի Առաջին Հանրապետությունն արդեն ուներ փորձ, երբ Անտանտի երկրները շատ բան էին խոստանում, բայց երբ պատերազմը սկսվեց, նրանք հայտարարեցին, որ չեն կարող իրենց նավատորմը ուղարկել Կովկասյան լեռներ։ Սա նրանց ներգրավվածության ավարտն էր, և Առաջին Հանրապետությունն ընկավ։ Տարբեր տեսակի քաղաքական քայլեր անելիս արժե հիշել պատմությունը։

Ամեն ինչ իր գինն ունի, իսկ փոքր պետությունների համար սխալներն առանձնահատուկ գին ունեն։ Դրանք կարող են ճակատագրական լինել հայոց պետականության համար»,- ընդգծեց քաղաքագետը։

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանից հեռանալը կրիտիկական չի լինի Ռուսաստանի համար։

«Ռուսաստանն արդեն կառուցել է ժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ ամբողջ Կովկասյան լեռնաշղթայով»,- պարզաբանեց Կռիլովը։

Փորձագետը մեծ չափազանցություն է անվանել այն կարծիքը, թե Հայաստանից հեռանալը աղետ կլինի Ռուսաստանի համար։

Միաժամանակ, նա տխուր է անվանել իրադարձությունների հնարավոր զարգացումն այս ուղղությամբ, քանի որ դա հակասում է ռուսական շահերին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների շահերին։