Հայաստանում թվայնացման ռազմավարության կատարողականը չափազանց ցածր է։ Մինչ այժմ նշված 10 միջոցառումներից ոչ մեկը ժամկետին եւ լիովին չի իրականացվել։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կիբեռանվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 18-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։
Պաշտոնյան նշել է, որ ռազմավարությունը դժվար է համապարփակ անվանել։ «Դրանում բացակայում են թվային տրանսֆորմացիայի միջոցառումները տնտեսության եւ հանրային կառավարման ոլորտներում։ Չկան ինչպես գրաֆիկը, այնպես էլ պատասխանատու անձինք։ Դրա փոխարեն առանձին գերատեսչությունների կողմից մշակվել եւ իրականացվել են ճյուղային բնույթի ռազմավարական միջոցառումներ»,- նշել է Ջանջուղազյանը։
Բացի այդ, պաշտոնյայի խոսքով՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրականացրած փոփոխություններն ընդհանուր առմամբ չեն համապատասխանում թվայնացման պետական գաղափարներին։




























