Տուրիստական ապահովագրությունը կձեւակերպվի այն օտարերկրացիների համար, ովքեր կայցելեն Թաիլանդ ամանորյա տոներին։ Այս մասին տեղեկացրել է Thai PBS պորտալը։
Վարչապետ Սեթհա Թհավիսինն արդեն համապատասխան հանձնարարություն է տվել թագավորության տուրիզմի եւ սպորտի նախարարությանը։ Ենթադրվում է, որ ապահովագրությունը կծածկի զբոսաշրջիկի բուժսպասարկման եւ չնախատեսված վիճակների ու դժբախտ պատահարների ծախսերը։
Նշվել է, որ նախագծի իրականացման համար տուրիզմի նախարարությունը կառավարությունից 50 մլն բատ (մոտ 1,4 մլն դոլար) կխնդրի։
Նախաձեռնությունը, պորտալի համաձայն, առաջադրվել է երկու միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել Թաիլանդի տարածքում օտարերկրյա երկու զբոսաշրջիկների հետ։ Նրանցից մեկը մահացել է՝ մասնավոր բուժհաստատությունում օգնություն չստանալով, երկրորդը վարակվել է դենգե տենդով եւ տեղափոխվել մասնավոր կլինիկա, ինչից հետո նրա հարազատները ստիպված են եղել միջոցներ փնտրել բուժման ծախսերը վճարելու համար։




























