«Հայաստանի արտգործնախարարությունը թուրքական կողմից Անիի վերականգնման հայ-թուրքական համատեղ ծրագիր իրականացնելու մասին պաշտոնական որեւէ գրություն չի ստացել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան հայ-թուրքական ուժերով Անին վերականգնելու հարցի վերաբերյալ եւ ո՞ր փուլում են այդ մասով, ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ «ընթացքի մեջ գտնվող աշխատանքները»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարությունից այս հարցի մասին որեւէ տեղեկություն ստանալու NEWS.am-ի փորձերն ապարդյուն անցան։ Այդ գերատեսչությունից ակնարկեցին, որ թեպետ Անիի վերականգնման հայ-թուրքական պայմանավորվածության մասին տեղեկություններ ունեն, սակայն չեն կարող տրամադրել դրանք, եւ հորդորեցին որեւէ բան իմանալու համար դիմել ԱԳՆ-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը Star թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի հետ մշակութային ոլորտում համագործակցության շրջանակներում Անիի ավերակները վերականգնելու նպատակով կհանդիպեն հայ եւ թուրք մասնագետները։