Հեռացող 2023-ը հարուստ էր բացահայտումներով, այդ թվում պատմության ոլորտում։

Դրանցից գլխավորների մասին պատմել է CNN-ը։

Բացահայտվել է նախապատմական առաջնորդի ով լինելը

5000 տարեկան կմախքը հայտնաբերվել է 2008թ. իսպանական Սեւիլիայի մոտ գտնվող դամբարանում։ Կողքին եղել են բյուրեղյա դաշույն եւ այլ թանկարժեք նմուշներ, որոնք ընդգծել են տիրոջ կարգավիճակը, տեղեկացրել է Planet today-ը։ Կարծիք կար, որ դա պատանու կմախք է, ինչի մասին վկայում են ոսկորների առանձնահատկությունները։ Բայց ատամի էմալի վերլուծությամբ հաջողվել է ստույգ պարզել, որ դրանք կնոջ մնացորդներ են։

Հռոմեական բետոնի գաղտնի բաղադրիչը

Հռոմեական բետոնը ցնցում է իր երկարակյացությամբ։ Հռոմի պանթեոնը հայտնի է որպես շենք, որն ունի աշխարհում ամենամեծ գմբեթը։ Պարզվել է, որ շինանյութին հատուկ ամրություն են հաղորդել կրաքարե «խճերը»։ Դրանք չափազանց ամուր են դարձնում շինությունը անգամ երկրաշարժերի ժամանակ։

«Էցի սառցամարդու» արտաքինը

Էցիի մումիացված մարմինը պատահաբար հայտնաբերվել է 1991թ. իտալական Ալպերի քարայրում։ Գտածոն 5300 տարեկան է։ Սկզբում գիտնականները այն ներկայացրել են որպես սպիտակամորթ տղամարդ՝ հարուստ մազածածկույթով եւ մորուքով։ Իրականում նա սեւամորթ էր, թխաչ եւ ճաղատ։

Գտնվել է 20 000 տարեկան կախազարդի տերը

Հնագետները եղջերվի ոսկորից պատրաստված կախազարդից պարզել են հնագույն ԴՆԹ-ն։ Այն հայտնաբերել են Սիբիրի Դենիսի քարայրում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա տերը եղել է մոտավորապես 19 000-25 000 տարի առաջ ապրած կինը։ Նա պատկանել է էթնոսի, որը հայտնի է որպես հնագույն հյուսիսային եվրասիացիներ, որոնք ազգակցական կապ են ունեցել առաջին ամերիկացիների հետ։

Վնասված թղթագլանը սկսել է վերծանել ԱԲ-ն

Հերկուլանումի մոտ 1 100 թղթագլաններ տուժել են Վեզուվի ժայթքման ժամանակ 2000 տարի առաջ։ Դրանք հայտնաբերել են 1700-ական թթ. հրաբխային նստվածքներում։ Դրանց վերծանումը անհնար էր թվում, քանի որ խիստ տուժել էին կրակից։

Վերջապես Նեբրասկայի համալսարանի ուսանող Լյուկ Ֆարիտորը արհեստական բանականության եւ համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ կարողացավ վերծանել բառը, որը գրված էր հին հունարենով; Այդ բառը՝ “πορφυρας”, նշանակում է «ծիրանի»։

Ինչի՞ց են պատրաստել մումիաները

Մարմինները փտելու գործընթացից պաշտպանելու համար օգտագործվել են գիհու, կիպարիսի եւ մայրու բուսայուղեր, ինչպես նաեւ գետնանուշի ծառերի խեժը, կենդանական ճարպեր եւ մեղրամոմ։

Բեթհովեն. բոլոր գաղտնիքները չէ, որ բացահայտվել են

Լյուդվիգ վան Բթեհովենը մահացել է 1827թ. 56 տարեկանում։ Նա կորցրել էր լսողությունը, տառապում էր աղեստամոքսային հիվանդություններից, ուներ լյարդի հետ կապված խնդիրներ։ Կոմպոզիտորը կտակ է գրել, որում խնդրել է, որ իր մահանալուց հետո ուսումնասիրվեն իր հիվանդությունները։

Անցել է մոտ 200 տարի։ Փորձաքննությամբ ուսումնասիրվել է հանճարի ԴՆԹ-ն։ Բայց ճիշտ ախտորոշումն այդպես էլ չի պարզվել։ Պարզվել են, սակայն, նրա մահվան մի շարք պատճառներ, այդ թվում ցելիակիա աուտոիմունային հիվանդությունը։