Մեկնաբանելով Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրելու փաստը` «Արեւլք - Արեւմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ադրբեջանցի քաղաքագետ Արասթուն Օրուջլուն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտարարել է, որ դա մեծ հաղթանակ չէ: «Առաջիկա երկու տարիներին հնարավոր է, որ Ադրբեջանը կարողանա իր կողմը շրջել Անվտանգության խորհրդի մի քանի անդամների, սակայն ես կարծում եմ, որ այդ քայլը նախատեսված էր ներքին լսարանի համար»,- ասել է Օրուջլուն:

Նրա խոսքով, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը շատ հակասական է, քանի որ իշխանությունում դիրքրեր գրավելու համար  սուր պայքար է ընթանում երկու իշխանական խմբավորումների ներսում:

«Ես կարծում ե, որ դա շատ կարեւոր է կոնկրետ Իլհամ Ալիեւի համար, քանի որ նա է համարվում Ադրբեջանի արտաքին քաղաքականության հեղինակը: Ոչ մշտական անդամ ընտրվելը PR բնույթ ունի, իսկ միջազգային հարթությունում Ադրբեջանն այդ անդամակցությունից կտուժի: Ադրբեջանը Արեւմուտքի, Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկերն է միայն խոսքով»,- նշել է Օրուջլուն:

Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն բացասական փաստի վրա, որ քվեարկության ժամանակ Եվրամիության գրեթե բոլոր երկրները եւ ԱՄՆ-ն դեմ են քվեարկել:

«Ադրբեջանին պաշտպանեցին Ռուսաստանը, Իրանը, Իսլամական կոնֆերանսի եւ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ: Ես կարծում եմ, որ ավելի հեռանկարային է տեսնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Ադրբեջան: Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքով ներկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Ես չեմ կարծում, որ այս իմաստով Ադրբեջանն ընդհանրապես որեւէ առավելություն է ստացել», - ամփոփել է ադրբեջանցի քաղաքագետը: