Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Ժողովրդավարական ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը Հայաստանում» (DIPPA) նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսվում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 10,5 միլիոն ԱՄՆ դոլար) ներդնում։ Ելնելով ընդհանուր բյուջետային հեռանկարից՝ նախագծի բյուջեն, կախված նախագծի իրագործելիության մակարդակից, ենթակա է SDC-ի կողմից պարբերական վերանայման։
Նախագիծը կառուցված է երեք հիմնական նպատակների շուրջ։ Առաջին հերթին, այն ձգտում է աջակցել պետական հաստատություններին, որպեսզի նրանք ավելի ներառական լինեն քաղաքականության մշակման և բյուջետավորման իրենց խնդիրներում: Երկրորդ, այն անհատներին և քաղաքացիների խմբերին հնարավորություն է տալիս կառուցողաբար և նորարարորեն փոխգործակցել այդ հաստատությունների հետ, որի արդյունքում հավասարակշռված և ավելի ընգրկուն հիմքով քաղաքական որոշումներ կկայացվեն: Եվ ի վերջո, այն ուժեղացնում է անկախ լրատվամիջոցների դերը հանրային իրազեկման և կառուցողական երկխոսության խթանման գործում: Այս նպատակները միասին նախատեսում են մի ապագա, որտեղ ժողովրդավարությունը և համապատասխան պետական ինստիտուտները հաստատապես կվայելեն տեղեկացված և ներգրավված քաղաքացիների աջակցությունը:
Այս նախաձեռնության հիմնական գործընկերներն են մի շարք պետական հաստատություններ, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Ազգային ժողովը, ֆինանսների նախարարությունը, տարբեր ճյուղային նախարարությունները և առանձին ընտրված փորձնական համայնքներ: Որպես ժողովրդավարությանն աջակից ոչ կառավարական շահագրգիռ կողմեր, կընտրվեն և նախագծում կներառվեն քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններ և անաչառ լրատվամիջոցներ:
DIPPA նախագիծը համարվում է Հայաստանի կառավարության հանրային մասնակցությունը խթանելու վերջին նախաձեռնությունների ուղղակի պատասխանը։ Այն նպատակադրված է ժողովրդավարական գործընթացների համապարփակ բարելավմանը` կատարելագործելով և ընդլայնելով առկա քաղաքական և ինստիտուցիոնալ մեխանիզմները: Նախագծի գլխավոր նպատակը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և համապատասխան մշակույթի հետագա ամրապնդումն է, ինչպես՝ ազգային, այնպես էլ՝ տեղական մակարդակներում, նպաստելով փոխհամաձայնության վրա հիմնված որոշումների կայացմանը և, հետևաբար, քաղաքականապես ավելի կայուն և տեխնիկապես ավելի հավասարակշռված քաղաքական որոշումների ընդունմանը։





























