Ճապոնիայի կառավարությունն առաջարկել է լրացումներ կատարել գործող օրենսդրությունում, որոնք թույլ կտային կայսերական ընտանիքի կանանց պահպանել այդ կարգավիճակը ամուսնությունից հետո, տեղեկացրել է Mainichi թերթը։
Այժմ կայսերական ընտանիքի ճապոնուհիները այդ կարգավիճակը կորցնում են ամուսնությունից հետո,՝ դառնալով հասարակ մահկանացուներ։ Կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է համապատասխան լրացումներ կատարել օրենսդրությունում, որոնք թույլ կտան պահպանել կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակը նաեւ ամուսնությունից հետո։ Հավանության դեպքում նոր օրենսդրությունը կվերաբերի, մասնավորապես, 22-ամյա արքայադուստր Այկոյին՝ գործող կայսր Նարուհիտոյի աղջկան եւ կայսրուհի Մասակոյին։ Ճապոնիայի իշխանությունների նախաձեռնությունը ուղղված է ճապոնական կայսերական ընտանիքի անդամների թվի խրախուսմանը, որն աստիճանաբար կրճատվում է գենդերային անհամամասնության պատճառով. արքայադուստրերի թվաքանակը, որոնք ամուսնանալու եւ հեռանալու են կայսերական ընտանիքից, զգալիորեն գերազանցում է արքայազնների թվաքանակը, որոնց պոտենցիալ կանայք, ընդհակառակը, մտնելու են այդ ընտանիք։
Ճապոնական հասարակությունը միշտ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ է հետեւում կայսերական ընտանիքի անդամների կյանքին։ 2021թ. երկրում գլխավոր տեղեկատվական թեմաներից մեկը այժմ նախկին արքայադուստր Մակոյի ամուսնությունն էր Կեյ Կոմուրոյի հետ, որն ուղեկցվեց աղմկահարույց սկանդալներով։ Հարսանիքը մի քանի անգամ հետաձգվեց փեսացուի մոր ֆինանսական վեճերի պատճառով նախկին ընկերոջ հետ, որը պահանջում էր վերադարձնել մոտ 4 մլն իեն (մոտ 35 հազար դոլար այն ժամանակվա փոխարժեքով), որոնք հատկացվել էին, մասնավորապես, Կոմուրոյի ուսման համար։ Պարտքի մասին տեղեկությունը դժգոհություն էր առաջացրել ճապոնացիների մի մասի շրջանում, որոնք կարծում էին, որ պատանին արքայադստեր հետ նշանադրությունն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար։
Հարսանիքից անմիջապես հետո Մակոն զրկվեց իր տիտղոսից, քանի որ ամուսնացավ Ճապոնիայի սովորական քաղաքացու հետ։ Նորապսակները տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ Կոմուրոն աշխատում է փաստաբանական գրասենյակում։





























