Ամերիկյան Միսուրի նահանգում ժամկետից շուտ պայմանական ազատ է արձակվել 32-ամյա Ջիփսի Բլանչարդը։ 2016թ. նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման այն պատճառով, որ նա իր ընկերոջը համոզել էր սպանել իր մորը, որն աղջկան բազմաթիվ հիվանդություններ էր վերագրում, տեղեկացրել է Associated Press-ը։
Նրա ազատ արձակման լուրը հաստատել է Միսուրիի ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչ Քարեն Փոյմանը։ Բլանչարդը նստել է իրեն հատկացված պատժաժամկետի 85 տոկոսը։
Նրա մայրը՝ Դի-Դին, դստեր ծնվելուց անմիջապես հետո որոշել էր, որ Ջիփսին լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նա բժշկին ասել էր, որ երեխան քրոմոսոմային խանգարումներ ունի, ասթմա, էպիլեպսիա, տեսողական խնդիրներ, մկանային դիստրոֆիա, իսկ հետո նաեւ այլ հիվանդություններ էր հորինել։ Նա նաեւ կարծում էր, որ իր աղջիկը չի կարող շարժվել առանց անվասայլակի եւ պետք է սնվի միայն խողովակով։ Դի-Դի Բլանչարդը բժիշկներին ասել էր, որ աղջկա բժշկական քարտը կորել է փոթորկի ժամանակ, իսկ կասկածել փորձող բժիշկներին նա այլեւս չէր այցելում։ Մոր պահանջով աղջիկը բուժզննումներ էր անցնում, որոնք նրան պետք չէին։ Խաբեության շնորհիվ մայրը բարեգործական նվիրատվություններ էր ստանում, ուղեւորություն Դիսնեյլենդ։
Արդեն նրա սպանությունից հետո նրա դստեր փաստաբանը պնդել է, որ կինը Մյունհաուզենի համախտանիշ է ունեցել։ Այս համախտանիշը ենթադրում է, որ հիվանդություններ հորինում են մեկ ուրիշի համար։
Ջիփսիի փաստաբանը նաեւ նշել է, որ տարիների ընթացքում բռնությունն ավելի է լրջացել։ Մի անգամ Դի-Դին ծեծել է աղջկան եւ գամել մահճակալին։ Աղջիկն աստիճանաբար սկսել է հասկանալ, որ չունի այն հիվանդությունները, որոնք իրեն վերագրել է մայրը։
Ծանոթությունների կայքերից մեկում նա հանդիպել է Նիկ Գոջոնին։ Նրանք շփվել են երկու տարի։ Ինչպես գրել է Buzzfeed-ը, նրանք միասին հորինել են ֆանտազիաներ, որոնցից շատերը կապված են եղել սադոմազոխիզմի հետ։ Ծանթոթությունից հետո Ջիփսին Գոջոնին ասել է, որ ցանկանում է սպանել մորը։
2015թ. Գոջոնն սպանել է Ջիփսիի մորը։ Ինչպես նշել է քննությունը, նա Դի-Դիին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել։ Նրանց ձերբակալել են։ «Ես ուզում էի ազատվել նրա իշխանությունից։ Ես համոզեցի Գոջոնին սպանել նրան»,- պատմել է Ջիփսին Գոջոնի դատի ժամանակ։
Ջիփսին գործարք է կնքել դատախազության հետ, նրան մեղավոր են ճանաչել երկրորդ աստիճանի սպանության մեջ եւ դատապարտել 10 տարվա բանտարկության։ Սկզբում նրան մեղադրել են առաջին աստիճանի սպանության մեջ, ինչը կարող էր ցմահ բանտարկություն նշանակել աղջկա համար։ Գոջոնին դատապարտել են ցմահ ազատազրկման։ Նրա փաստաբան Դուեյն Փերին հավաստիացրել է, որ իր պաշտպանյալը աուտիզմ ունի, իսկ աղջիկը մանիպուլացրել է նրան, քանի որ «տարված էր աղջկանով»։


























