ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենին համարում է խարդախ, սրիկա եւ «վատ տղա», նրա խոսքով՝ դժվար է հավատալ, որ Բայդենը նորից կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ նրա կոգնիտիվ ունակությունների նվազման ֆոնին։ Այս մասին Թրամփը հայտնել է Breitbart News պարբերականի հարցազրույցում։
«Նա խարդախ է։ Նա սրիկա է։ Նա վատ տղա է։ Տղան չի կարողանում խոսել։ Տղան չի կարողանում երկու նախադասություն իրար կապել։ Այնպես որ, ես մտածում եմ ահա թե ինչ. ես չեմ կարող հավատալ, որ նա թեկնածու կդառնա։ Ես հուսով եմ, որ նա կլինի։ Բայց չեմ կարող հավատալ, որ նոմինանտ կդառնա»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը նորից ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Բայդենը «չի կարողանում խոսել» եւ «չի կարողանում երկու նախադասություն իրար կապել»։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները 2024թ. կարող են դառնալ «ամենազզվելին ԱՄՆ պատմության մեջ», քանի որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, եկող տարի քաղաքական մեղադրանքներն իր հասցեին կներկայացնի որպես քաղաքական հետապնդում Բայդենի «հանցավոր ընտանիքի» կողմից։





























