Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2024թ. կատակ-կանխատեսում է կատարել, որում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, իսկ նրան փոխարինելու է եկել 99 տարով դատապարտված Դոնալդ Թրամփը։ Համապատասխան գրառումը հրապարակվել է պաշտոնյայի Թելեգրամ-ալիքում։
Մեդվեդեւի խոսքով՝ իր կանխատեսումներից շատերը, որոնք նա կատարել էր նախկինում, իրականացել են։ Մասնավորապես, նա կարծում է, որ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը «դարձել է ԱՄՆ նախագահ եթե ոչ ի պաշտոնե, ապա ըստ իր ազդեցության», Լեհաստանն իբր պատրաստվում է զավթել արեւմտյան Ուկրաինան, իսկ Հյուսիսային Իռլանդիան մտադիր է հասնել անկախության Մեծ Բրիտանիայից։
Եկող տարվա համար Մեդվեդեւը կանխատեսել է Եվրամիության երկրների, ԱՄՆ եւ Կանադայի ռազմարդյունաբերական համալիրների ազգայնացում՝ Ուկրաինային իրենց պաշտպանական արտադրության հետագա նվիրաբերման նպատակով, սովորական ոստիկանական ստորաբաժանումների լուծարում ԵՄ երկրներում։
Բացի այդ, Մեդվեդեւը կարծում է, որ եկող տարի Ջո Բայդենը կհայտնվի միջազգային հետախուզման մեջ, իսկ Թրամփը կգլխավորի ԱՄՆ-ն։ Պաշտոնյան նաեւ կանխատեսել է «Գոձիլայի կողմից Ճապոնիայի իշխանության զավթումը»։





























